Ադրբեջանի զավթողական, ցեղասպանական գործողություններն, աշխարհի անհամարժեք արձագանքը, Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը, ասել է Գարեգին Բ Վեհափառը Արցախի համար համազգային աղոթքի ժամանակ իր խոսքում։
«Այսօր Հայաստանի Հանրապետությունն է նույն սպառնալիքի առջև, անթաքույց խոսվում է ինքնիշխանության և պետականության կորստի վտանգների մասին, անվտանգային մարտահրավերները, տարածքային կորուստները, ակնհայտ հարկադրանքի ներքո խաղաղության հաստատման գործընթացում դրսևորվող շտապողականությունը անվստահության մթնոլորտ են առաջացրել և ընդվզում առաջ բերել, ինչը ստեղված պառակտության մեջ կարող է ցավալի զարգացումների առաջնորդել»,-ասել է Կաթողիկոսը։
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին
Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական զինուժի լայնածավալ ագրեսիայից մեկ օր անց Արցախի Հանրապետության իշխանությունները ընդունել են հրադադարի մասին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության առաջարկը։
Ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել, որով լուծարվում են պետական բոլոր կառույցները, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։
Արցախի բնակիչները ստիպված են զանգվածաբար լքել հանրապետության տարածքը՝ ուղղվելով դեպի Հայաստան։ ՀՀ կառավարության տվյալներով՝ այս պահին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել մոտ 100 483 բռնի տեղահանված քաղաքացի։ Արցախցիներին ընդունելու համար Հայաստանում գործում է երկու հիմնական կենտրոն՝ Գորիսում և Վայքում, գործարկվել են նաև առաջնային կարիքների հարթակը https://e-soc.am և ՀՀ սոցապ նախարարության «114» թեժ գիծը։