Կառավարության առաջնահերթությունը մնում է ԵՄ սև ցուցակից դուրս գալն, ասել է երեքշաբթի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ նախկինում արձանագրված 41 խախտումից 30-ն արդեն վերացվել է։
«Մենք ամեն ինչ անում ենք, որ բոլոր առկա խախտումները վերանան։ Հուսով եմ, որ մենք շուտով կկարողանանք դուրս գալ այս ցուցակից»՛,- նշել է Սանոսյանը խորհրդարանաում 2024թ․-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
2020 թվականին Եվրահանձնաժողովը թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցանկը, ըստ որի՝ Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերություններին արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ երկրներ՝ բացառությամբ տարհանման և հումանիտար, ինչպես նաև բժշկական նպատակներով թռիչքների։ Որոշումն ընդունվել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և հայկական վեց ավիաընկերությունների հետ լսումներից հետո։
Ինչպես այս տարվա հունվարին նշել էր Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, առաջիկա 2 տարում հայկական ավիաընկերությունները կարող են հանվել Եվրահանձնաժողովի «սև ցուցակից»։