11-06-2026 22:04

Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից արգելում է հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը. Ի՞նչ է սպասվում Հայաստանին

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 12-ից ամբողջությամբ արգելում է Հայաստանից բոլոր կարանտինային արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներ։ Սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, մինչև մշակվի և ներդրվի բեռնափոխադրվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող կոնկրետ ալգորիթմ։

Ռուսական գերատեսչության որոշումը պայմանավորված է հայկական արտադրանքներում կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերումներով։ Ռոսսելխոզնադզորն այս տարվա մայիսից փուլ առ փուլ սահմանափակումներ էր մտցնում առանձին ապրանքատեսակների վրա և բազմիցս տեղեկացրել էր հայկական կողմին սանիտարական պահանջների խախտումների մասին։ Սակայն, ինչպես նշվում է հայտարարության մեջ, վտանգավոր վնասատուների հայտնաբերումները շարունակվում են։ Մասնավորապարս, հունիսին գրանցվել է կապրայի բզեզով վարակվածության երեք դեպք՝ Հայաստանից ստացված ընկույզի, չորացրած դեղձի և չորացրած լոլիկի խմբաքանակներում։

Կապրայի բզեզը (Trogoderma granarium) պահեստային բազմակեր վնասատու է, որը բացակայում է Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Այս վտանգավոր կարանտինային օբյեկտը կարող է հսկայական տնտեսական վնաս հասցնել՝ ոչնչացնելով պահվող արտադրանքի մինչև 70%-ը։ Այն վնասում է հացահատիկային, յուղատու, բակլազգի, տեխնիկական մշակաբույսերի հատիկները, ինչպես նաև դրանց վերամշակման արտադրանքները։ Կապրայի բզեզի տարածումը կարող է հանգեցնել հացահատիկի պահեստների, տրանսպորտային միջոցների, պահեստների, աղացների, կոմբինացված կերերի գործարանների և սննդի արդյունաբերության այլ ձեռնարկությունների վարակմանը։

Ռուսական գերատեսչությունը շեշտում է, որ բույսերի կարանտինի և պաշտպանության հայկական ծառայության գործունեության անարդյունավետությունը լուրջ անվստահություն է առաջացնում Հայաստանի ֆիտոսանիտարական հավաստագրման համակարգի նկատմամբ։ Նման իրավիճակը վտանգի տակ է դնում ոչ միայն Ռուսաստանի, այլև ողջ ԵԱՏՄ-ի ֆիտոսանիտարական բարեկեցությունը։ Ռուսաստանի համար տնտեսական վնասը կարող է արտահայտվել ոչ միայն բերքի կորստով և վնասատուի օջախների տեղայնացման ու վերացման թանկարժեք միջոցառումների անհրաժեշտությամբ, այլև այն երկրների հետ արտահանման շուկաների պոտենցիալ կորստով, որտեղ կապրայի բզեզը նույնպես բացակայող կարանտինային օբյեկտ է։ Սա կհանգեցնի արտահանվող հացահատիկային արտադրանքի ախտահանման լրացուցիչ ծախսերի։

Հայաստանի համար այս որոշումը նշանակում է զգալի տնտեսական կորուստներ և ֆիտոսանիտարական վերահսկողության համակարգի շտապ վերանայման և ուժեղացման անհրաժեշտություն։ Մատակարարումների վերսկսումը հնարավոր է միայն գյուղատնտեսական արտադրանքի անվտանգությունն ապահովող նոր, արդյունավետ ալգորիթմի մշակումից և խիստ պահպանումից հետո։

Ռոսսելխոզնադզորը սահմանափակում է կորիզապտղավոր մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը Հայաստանից
Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերակառուցման շեմին է. Օվերչուկի հայտարարությունը
Ռուսաստանը սահմանափակում է հայկական մրգերի ներկրումը. Լուրջ մարտահրավեր գյուղատնտեսության համար
Պուտինը «մեղմ ամուսնալուծության» պայման է դրել Հայաստանի համար. Երևանը պետք է ընտրի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Ռուսաստանը տնտեսական ճնշում է գործադրում Հայաստանի վրա. հարյուրավոր բեռնատարներ՝ սահմանին