2024 թվականին Հայաստանը մոտ 20 միլիարդ դրամ (մոտ 50 միլիոն դոլար) կհատկացնի Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար, ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ Մեծամորի ԱԷԿ-ը բավական լավ վիճակում է, հաշվի առնելով, որ հսկայական աշխատանք է իրականացվել և շարունակվում է իրականացվել։
«ՀԱԷԿ-ի լիցենզիան ուժի մեջ է մինչև 2026 թվականը, որոշ աշխատանքների գծով՝ մինչև 2031 թվականը: Ներկայումս որոշ աշխատանքների համար միջոցներ են հատկացվել, մասնավորապես հաջորդ տարվա համար նախատեսվում է հատկացնել 7 միլիարդ դրամ (մոտ 17,1 միլիոն դոլար)»,- ասել է Սանոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Այնուհետև, ըստ նրա, կսկսվի ատոմակայանի շահագործման կրկնակի ժամկետի երկարացման մեծ ծրագիր, որը հիմա փաստաթղթային փուլում է։ «Մենք պատրաստվում ենք հայտ ներկայացնել և ստանալ կայանի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու լիցենզիա։ Դա մեր հիմնական խնդիրն է, միևնույն ժամանակ մեր հեռահար նպատակը նոր էներգաբլոկի կառուցումն է, որի հզորության և այլ պարամետրերի որոշումը բավական բարդ են և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ընդգծել է նախարարը։
Ինչ վերաբերում է գործընկեր երկրի ընտրությանը (որին կպատվիրվի նոր ատոմակայանի կառուցման նախագիծը), ինչպես նշեց նախարարը, դա կախված կլինի ընտրված հզորությունից։
Հայկական ԱԷԿ-ի մասին
Հայկական ատոմակայանը, միակը Հարավային Կովկասի տարածաշրջանում, գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ՝ Երևանից մոտավորապես 30 կմ դեպի արևմուտք։ Կայանը երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է, որն ապահովում է ընդհանուր արտադրանքի մինչև 40%-ը։ Նրա ծառայության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը, աշխատանքներ են տարվում ևս 10 տարով այն կրկին երկարաձգելու ուղղությամբ։ Աշխատանքները նախատեսվում է սկսել 2023 թվականի աշնանը և ավարտել երկու տարվա ընթացքում։
Նախատեսվում է 8-10 տարվա ընթացքում կառուցել նոր ատոմակայան, այժմ համեմատվում են տարբեր տարբերակներ, ուսումնասիրվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի գործընկերների փորձը։ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից մշակված 1200 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումն արդեն իսկ հայկական կողմի քննարկման փուլում է։