«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա 26-րդ հեռուստամարաթոնի մեկ օրվա ընթացքում հավաքվել է շուրջ 8,4 մլն դոլարի նվիրատվություն։
Հիմնադրամից հայտնում են, որ նոյեմբերի 23-ին, Երևանի ժամանակով ժամը 22.00-ին մեկնարկած հեռուստամարաթոնի ընթացքում նվիրատվությունների վերջնական գումարը կամփոփվի մինչև այս տարվա վերջ։
Հիմնադրամի հաշիվներին Հայաստանից մուտք է եղել մոտ 552,4 հազար դոլար, ԱՄՆ-ում հիմնադրամի տեղական մարմնից՝ 3,1 միլիոն, Ֆրանսիայից՝ 3,25 միլիոն, Մեծ Բրիտանիայից՝ 700 հազար, Տորոնտոյից (Կանադա)՝ 500 հազար դոլար, նվիրատվություններ են եղել նաև հետևյալ երկրներից․ Մեծ Բրիտանիա՝ 450 հազար դոլար, Արգենտինա՝ 160,7 հազար դոլար, Նիդեռլանդներ՝ 100 հազար դոլար, Բրազիլիա՝ 92 հազար դոլար, Գերմանիա՝ 66,4 հազար դոլար, Շվեյցարիա՝ 50 հազար դոլար, Ավստրալիա՝ 27 հազար դոլար, Ավստրիա՝ 25,9 հազար դոլար, Ռումինիա՝ 4,3 հազար դոլար:
«Քեզ համար, Հայաստան» կարգախոսով հեռուստամարաթոնի միջոցներն ուղղվելու են Արցախից բռնի տեղահանված հայ հայրենակիցների կենսապայմանների բարելավմանը, ինչպես նաև սահմանամերձ համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը։
Հեռուստամարաթոնի և «Հայաստան» հիմնադրամի մասին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախորդ՝ 25-րդ հեռուստամարաթոնի շրջանակում, որն անցկացվել է 2022 թվականի նոյեմբերի 25-ին «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրի ներքո, 11 միլիոն դոլարի խոստումներ և նվիրատվություններ են հավաքվել՝ սահմանամերձ համայնքներում առողջապահության, սոցիալական ոլորտի, կրթության, մշակույթի, ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման այլ ծրագրեր իրականացնելու համար։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունն է առաքելությունն է համահայկական ցանցային համակարգի ձևավորումը, որի նպատակն է՝ ապահովել ընդհանուր ինքնության վրա հիմնված աշխարհասփյուռ հայկական համայնքների, Հայաստանի և Արցախի համաչափ, կայուն ու փոխկապակցված զարգացումը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնադրվել է 1992 թվականին, նախագահի հրամանագրով, որպես եզակի կազմակերպություն, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին, իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումը ապահովող ծրագրեր։
Հիմնադրամի միջոցները գոյանում են տարբեր երկրներում անցկացվող ամենամյա բարեգործական հեռուստամարաթոնների, ինչպես նաև բարեգործական ճաշկերույթների, համերգների և ցուցահանդեսների ժամանակ հավաքագրված միջոցների հաշվին։ Միջոցները հավաքագրվում են փոստային և SMS փոխանցումների, ինչպես նաև ֆոնդի օգտին թողնված կտակների և նպատակային ներդրումների միջոցով: