Հայաստանի իշխանությունները դիվերսիֆիկացնում են զենքի մատակարարումները իրենց ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հաշվին, ասել է պաշտպանության նախկին նախարար, ԱԺ Հայաստանի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի հետ գործարքը պաշտպանության ոլորտում։
Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լըկորնյուն ասել էր, որ Ֆրանսիան օգնում է Հայաստանին բարելավել իր հակաօդային պաշտպանության հնարավորությունները՝ երեք GM 200 ռադարների վաճառքի և «Միստրալ» զենիթահրթիռային հրթիռների ապագա մատակարարումների մասին համաձայնագրի միջոցով։
«Երկրի ղեկավարությունը, բացի Ռուսաստանի Դաշնությունից հիմնական մատակարարումներից, նախկինում որոշակի քանակությամբ զենք է գնել այլ երկրներից։ Համագործակցություն կառուցելիս միշտ հաշվի են առնվել առկա տրանսպորտային և լոգիստիկ դժվարությունները։ Այս տարիների ընթացքում փոխադրումները կատարվել են Վրաստանի, մասամբ էլ՝ Իրանի տարածքով»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Օհանյանը։
Նրա խոսքով, Հայաստանին երբեք ոչ ոք չի արգելել զենք գնել այլ երկրներից։
Պատգամավորը նաև հորդորեց չմոռանալ, որ հայկական զենքի առյուծի բաժինը ռուսական ծագում ունի.
«Հետևաբար, կառավարման համակարգը հիմնված է հենց այս զենքի վրա»,- նշել է Օհանյանը։
Նա նշեց, որ նախկինում Ռուսաստանից զենքի մատակարարումները կանոնավոր էին։ Այսպես, նախարարի պաշտոնավարման ընթացքում՝ 2008-2016թթ. Հայաստանը շուրջ 1500 ինքնաթիռաչվերթ սպառազինություն է ներկրել Ռուսաստանի Դաշնությունից։