ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վարշավայում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպման ժամանակ հիշեցրել է, որ Հայաստանը դիմել է ԵՄ-ին «Խաղաղության եվրոպական գործիքի» (European Peace Facility-EPF) միջոցով Հայաստանին տեխնիկական աջակցություն հատկացնելու խնդրանքով, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
«Եվրոպական միությունն այդ մեխանիզմի միջոցով աջակցություն է հատկացնում Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին: Ցավոք, Հայաստանի խնդրանքը մերժվել է՝ հղում տալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման գործում ԵՄ միջնորդական ջանքերին, ինչպես նաև «կոնֆլիկտային զգայունության» խնդրին: Կուզենայի կրկնել, որ խոսքը վերաբերում է տեխնիկական օժանդակությանը՝ պաշտպանական կարողությունները բարձրացնելու նպատակով»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:
Նա նշել է, որ ԵՄ-ն մնում է Հայաստանի հիմնական գործընկերը ժողովրդավարական ինստիտուտների ստեղծմանն ու բարեփոխումների օրակարգին աջակցելու գործում, և չնայած այն դժվարություններին, որոնց բախվել է երկիրը վերջին մի քանի տարիներին, Հայաստանի և ԵՄ-ի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դրական դինամիկան պահպանվել է, իսկ իրավական դաշտն էլ ավելի ամրապնդվել՝ մի շարք համաձայնագրերի ստորագրմամբ։
Դուդան վստահեցրել է, որ շահագրգիռ է Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունների զարգացմամբ: