ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին։
Փախվարչապետ Մհեր Գրիգորյանը, խոսելով հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքի մասին, նշել է, որ հաջորդ հանդիպման օրվա և վայրի վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։
«Ընթացքում, իհարկե, աշխատանքային շփումների մակարդակով ինչ-որ հարցեր քննարկվում են, բայց որևէ պայանավորվածություն հաջորդ հանդիպման վերաբերյալ այս պահին չկա»,- ասել է նա։
Դիտարկմանը, թե հանդիպումները, կարծես, հիմա ավելի պասիվացել են, Գրիգորյանը նշել է, որ ապաշրջափակման հարցում ևս կարևոր է ընդհանուր ֆոնը։
«Ինչ ապաշրջափակում, եթե չլինի կայունություն և խաղաղություն։ Ի վերջո, ապաշրջափակումը ևս խաղաղության գործընթաց է, ապաշրջափակումը հնարավոր կամ կիրառական կլինի խաղաղության ֆոնին»,- ասել է նա։
Երկաթուղու գործարկման առնչությամբ փոխվարչապետն ասել է, որ ենթակառուցվածքների առումով կա փոխըմբռնում և պայմանավորվածություն, որ դա շատ դրական որոշում է տարածաշրջանի համար։
«Երասխից-Հորադիզ երկաթգծի ենթակառուցվածք ունենալը շատ լավ լուծում է Հայաստանի համար և ընդհանրապես տարածաշրջանի համար։ Դա կընդգծի և կավելացնի Հայաստանի լոգիստիկ դերը տարածաշրջանում։ Բայց, դրա հետ մեկտեղ, կան հարակից հարցեր, որոնք դեռևս վերջանական լուծում կամ վերջնական պայմանավորվածություն են ենթադրում, որը չկա»,- միաժամանակ պարզաբանել է Գրիգորյանը։
Այս տարվա հունիսի սկզբին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ հանդիպման ժամանակ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը փոխըմբռնում ձեռք բերեցին Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հողորդակությունը վերականգնելու և կազմակերպելու ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ։