Ներկայումս աշխատանքներ են տարվում Հայաստան-Եվրամիություն նոր գործընկերության օրակարգում, ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
«ԵՄ-ն հավատարիմ է պաշտպանելու այն արժեքները, որոնք կիսում է Հայաստանի հետ, և, իհարկե, մենք ակնկալում ենք, որ ժողովրդավարությունը կլինի այս համագործակցության առաջնագծում», - երկուշաբթի Հայկական Ժողովրդավարության ֆորումի ժամանակ նշել է Մարագոսը։
Նրա խոսքով, Եվրամիությունը եղել և մնում է Հայաստանի կարևոր և առանցքային գործընկերը բարեփոխումների իրականացման առումով:
«Մենք նպաստում ենք բարեփոխումներին, զարգացնում ենք Հայաստանի կարողությունները, աշխատում ենք անկախ մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, ինչպես նաև օգնում ենք արդարադատության և ոստիկանության ոլորտներում բարեփոխումներին։ Մենք նպաստում ենք գենդերային հավասարության, կանանց իրավահավասարության, ընտանեկան բռնության դեմ պայքարի, երեխաների իրավունքների, ինչպես նաև լրատվամիջոցների ազատության առումով»,- «Արմենպրես» լրատվական գործակալությունը մեջբերում է Մարագոսի խոսքերը:
Դեսպան Մարագոսը, մասնավորապես, կարեւորել է համագործակցությունը ՆԳՆ-ի հետ։ «Մենք նաև աջակցում ենք Հայաստանին անվտանգության ոլորտի բարեփոխումների հարցում։ Պարեկային ծառայության ներդրումը համարում եմ հաջողված. ԵՄ-ն 76 ժամանակակից մեքենա է նվիրել, որպեսզի ոստիկանությունը կարողանա պատշաճ կերպով իրականացնել իր գործառույթները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել և կիսել իր փորձը այս բարեփոխումների իրականացման գործում։
Մարագոսն անդրադարձավ նաև Արդարադատության նախարարության բարեփոխումներին ԵՄ-ի աջակցությանը և նշեց, որ ՀՀ կառավարությանը տրամադրվել է շուրջ 40 միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն։
«Մենք աշխատում ենք դատական համակարգի արդյունավետության, ինչպես նաև արդարադատության մատչելիության վրա, ինչը շատ կարևոր է խոցելի խմբերի համար», - ասաց Մարագոսը:
Դեսպանը նաև նշել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) կարևոր դերը, որն իսկապես օգնում է սահմանին կայունության ապահովմանը և մասնագիտական մոնիտորինգի անցկացմանը։
«Մենք միասին քննարկում ենք նաև Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցության մոբիլիզացման հարցը։ Ֆոն դեր Լեյենը խոսեց Հայաստանի կայունության բարձրացման մասին, և ես ուզում եմ ասել, որ բացի ժողովրդավարությունից, մենք այլ գործիքներ ենք օգտագործելու դրա համար»,- նշել է Մարագոսը։
Դեսպանը հայտարարեց նաև, որ ժողովրդավարությունը հիմնական նպատակներից է, սակայն կայունության և զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում են նաև ներդրումներ, մասնավորապես, հաղորդակցությունների ստեղծման և ձեռներեցության զարգացման ուղղությամբ, որպեսզի Հայաստանը էլ ավելի մոտ լինի Եվրոպային։
«ԵՄ-ն խրախուսում է Հայաստանին շարունակել ջանքերը ներառական ժողովրդավարության զարգացման ուղղությամբ՝ ի շահ Հայաստանի բոլոր քաղաքացիների»,- եզրափակել է Մարագոսը։