Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարվա վերջ, Եղեգնաձորում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռիտերն ընդգծել է, որ այս պահին դիտորդական առաքելության կազմում են ներկայացուցիչներ Եվրամիության անդամ 23 երկրներից՝ հավելելով, որ այս պահին այստեղ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով այս առաքելության նկատմամբ մեծ քաղաքական ուշադրություն կա։
Պատասխանելով ոչ ԵՄ անդամ երկրների միանալու հավանականության վերաբերյալ հարցին՝ Մարկուս Ռիտերը հիշեցրեց, որ Կանադան է որոշում կայացրել միանալ ԵՄ դիտորդական առաքելությանը, իսկ եթե այլ երկրների կողմից ևս նման հետաքրքրություն լինի՝ նրանք կարող են միանալ։
«Կարծում եմ՝ բոլորն էլ համաձայն են, որ այս տարածաշրջանն արժանի է խաղաղության և կայունության։ Հուսով եմ, որ միասին մենք կարող ենք հասնել այս նպատակին»,- ասել է Ռիտերը:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այս պահին EUMA պարեկների թիվը հասնում է 1000-ի, դիտորդները՝ 100-ի: Հարցին, թե այս պահին ի՞նչ վիճակ է սահմանին, Ռիտերը պատասխանել է․ «Այս պահին իրավիճակը խաղաղ է, լարվածություն չկա»։
Բավ է պառակտվել