Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկկողմ հանդիպումներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում կհանդիպեն «3+3» ձևաչափով։
«3+3» հարթակի մասին
2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից անմիջապես հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ տարածաշրջանի վեց երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Հայաստանի համագործակցության հարթակ ստեղծելու գաղափարով (այսպես կոչված «վեցյակի հարթակ» կամ «3+3» ձևաչափ)։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս նախաձեռնության մասին առաջին անգամ հայտարարեց անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին Բաքու կատարած այցի ժամանակ՝ այն անվանելով «Վեցյակի հարթակ»։
Այժմ Մոսկվան ակտիվորեն ներգրավված է հարթակի գործարկման շուրջ բանակցություններում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով, իրանական կողմը դրական է արձագանքել այս նախաձեռնությանը, ինչպես և Ադրբեջանն ու Թուրքիան, և աշխատանքներ են տարվում հայ գործընկերների հետ։ Մոսկվան հույս ունի, որ Վրաստանը, չնայած բոլոր խնդիրներին, «կկարողանա տեսնել իր հիմնարար շահը նման խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու մեջ»։