Եվրամիությունը «3+3» ձևաչափով հանդիպումները դիտարկում է որպես մի հարթակ, որտեղ տարածաշրջանի երկրները, որոնք, անշուշտ, ունեն խնդիրներ, կարող են քննարկել դրանք՝ որպես հարևաններ։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Միևնույն ժամանակ, ես հասկանում եմ նաև, որ գոնե ի սկզբանե ըմբռնումը եղել է, որ հատկապես հակամարտությունը, խաղաղության պայմանագիրը, կարգավորումը, իրոք, չպետք է քննարկման առարկա լինեն այդ ձևաչափով։ Այնպես որ, դարձյալ մեզ համար ամենակարևորն առաջընթացն է, իսկ թե որ հարթակում՝ շատ ավելի քիչ է կարևոր»,- ասել է Կլաարը։
Նա նշել է նաև, որ ԵՄ-ն իրականում չի տեսնում պատճառ, «թե թե ինչու չենք կարող առաջ շարժվել, և ինչու Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարող շատ արագ շարժվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։
«3+3» հարթակի մասին
2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից անմիջապես հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ տարածաշրջանի վեց երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Հայաստանի համագործակցության հարթակ ստեղծելու գաղափարով (այսպես կոչված «վեցյակի հարթակ» կամ «3+3» ձևաչափ)։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս նախաձեռնության մասին առաջին անգամ հայտարարեց անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին Բաքու կատարած այցի ժամանակ՝ այն անվանելով «Վեցյակի հարթակ»։ Այս ձևաչափով երկու հանդիպում կայացել է առանց Վրաստանի մասնակցության։ Հաջորդը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում։