Ներկա հանգամանքները թույլ են տալիս հուսալ, որ տեսանելի ապագայում Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի ստորագրումը հնարավոր է, սակայն գլխավորը ոչ թե ժամանակն է, այլ բոլոր հարցերի վերջնական լուծումը։ Այս մասին որ ուրբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ասել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները կհանդիպեն «հաջորդ շաբաթ Մոսկվայում»՝ քննարկելու կողմերի միջև առկա խնդիրները։ «Ամեն ինչ վերջնական տեսքի բերելու խնդիր դրված չէ, քանի որ գլխավորը վերջնական արդյունքն է, ոչ ոք չի շտապում», - ասել է Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով, «հենց այս նկատառումներից ելնելով դժվար թե այժմ որևէ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման ճշգրիտ ամսաթիվը»:
«Չնայած, ինչպես երեկ ասվեց հանդիպման ժամանակ (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ՏԱՍՍ-ի թղթ), այժմ շատ առումներով փոխվել են հանգամանքները, և, փաստացի, այս փոփոխված հանգամանքները թույլ են տալիս տեսանելի ապագայում կնքել խաղաղության պայմանագիր»,- մանրամասնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։
Նա հիշեցրել է, որ հինգշաբթի օրը կայացած հանդիպմանը Պուտինը, Ալիևը և Փաշինյանը «պայմանավորվածություններ են ձեռք բերել և հանձնարարականներ տվել, որ համապատասխան փոխվարչապետները կհանդիպեն հաջորդ շաբաթ»։ «Դա կլինի հաջորդ շաբաթվա վերջը։ Նրանք կհավաքվեն Մոսկվայում և կհղկեն այն խնդիրները, որոնք կան, կա սկզբունքային ըմբռնում, թե ինչպես լուծել դրանք, բայց մենք դեռ պետք է պայմանավորվենք մանրամասների շուրջ»,- հավելել է Պեսկովը։ «Դա պետք է քննարկեն»,- մասնավորեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
«Կա ընդհանուր տեսակետ, կա պետությունների ղեկավարների ըմբռնում, թե ինչպես կարելի է դա լուծել, ուստի աշխատանքային մակարդակում այլևս չպետք է ստեղծվեն արհեստական խոչընդոտներ»,- ասել է Պեսկովը։
Բավ է պառակտվել