ԵՄ Նախարարների կոմիտեն չորեքշաբթի օրը կայացած հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ։
«Եվրամիությունը շարունակում է մտահոգությամբ հետևել սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություններից և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակումից հետո Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթից հետո ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակին։ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչությունը՝ ավելի քան 100,600 մարդ, ապաստան է գտել Հայաստանում»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ հրամայական է շարունակական անխոչընդոտ մարդասիրական աջակցություն ապահովել նրանց, ովքեր դեռ կարիքի մեջ են Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են։ Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովը հայտարարեց 10,45 միլիոն եվրոյի չափով մարդասիրական օգնության լրացուցիչ փաթեթի մասին՝ ի հավելումն 2020 թվականից ի վեր արդեն տրամադրված 20,8 միլիոն եվրոյի:
«Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ նրանց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության, ինչպես նաև պայմաններ ստեղծի կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար՝ հարգելով նրանց պատմությունը, մշակույթն ու մարդու իրավունքները: Բացի այդ, պետք է արդյունավետ պաշտպանվեն և երաշխավորվեն տեղական բնակչության մշակութային ժառանգությունն ու սեփականության իրավունքներըՀայաստանում»,- ասվում է հայտարարության մեջ։
Նախարարների կաբինետը հիշեցնում է, որ Ադրբեջանը պետք է կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սեպտեմբերի 22-ին նշված միջանկյալ միջոցները, այսինքն՝ ձեռնպահ մնա այնպիսի միջոցներ ձեռնարկելուց, որոնք կարող են հանգեցնել Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունների, մասնավորապես՝ 2-րդ հոդվածի խախտմանը (իրավունք կյանքի) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելում):
«Մենք ի գիտություն ընդունեցինք նախագահ Ալիևի հրապարակային արտահայտությունները Ղարաբաղի հայերի հետ խաղաղ ապրելու և նրանց իրավունքները պահպանելու պատրաստակամության մասին։ Ադրբեջանն ունի հստակ առաջնային պատասխանատվություն բնակչության ճակատագրի համար։ Պետք է տրամադրվեն շոշափելի, կոնկրետ և թափանցիկ երաշխիքներ։ Որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց՝ մենք ակնկալում ենք համապարփակ համաներում Ղարաբաղի բոլոր հայերի՝ ներառյալ նրանց ներկայացուցիչների համար, և բոլոր կողմերի զսպվածությունը կոշտ հռետորաբանությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարևորվում է միջազգային մուտքը Ղարաբաղ, երբ խոսքը վերաբերում է անհրաժեշտ օգնության տրամադրմանը և տեղում իրավիճակի անկախ մոնիթորինգի ապահովմանը: Եվրամիությունն ի գիտություն է ընդունել ՄԱԿ-ի վերջին երկու այցերը:
«Մենք բարձր ենք գնահատում Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի աշխատանքը, ով աջակցություն է ցուցաբերում Հայաստանի իշխանություններին՝ դեպի իր տարածք այս զանգվածային արտագաղթը կարգավորելու հարցում: Անհամբեր սպասում ենք Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելությանը՝ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորությամբ և դրա հետագա առաջարկություններին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը, սահմանների անձեռնմխելիությանը և տարածքային ամբողջականությանը։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր միանշանակ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն։ ԵՄ-ն հավատարիմ է մնում երկու կողմերի միջև երկխոսությունը հեշտացնելուն՝ համապարփակ և կայուն խաղաղություն ապահովելու համար՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են Ալբանիան, Անդորրան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Սան Մարինոն: