ԱՄՆ-ի և ԵՄ-ի գործողություններում ռուսական կողմը տեսնում է ոչ թե օգնելու, այլ տարածաշրջան ներթափանցելու ցանկություն, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով հայ-ադրբեջանական կարգավորման հարցում այլ երկրների միջնորդության մասին։
«Մեր միջնորդությամբ հիմքեր դրվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, երբ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտության շնորհիվ 2020 թվականի նոյեմբերին կանգնեցվեց պատերազմը։ Այնուհետև ընդունվեցին ևս մի քանի եռակողմ բարձր մակարդակի հայտարարություններ, որոնք վերաբերում են լիարժեք կարգավորման քայլերին»,- ասել է նա՝ ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։
Լավրովը նշել է, որ դա վերաբերում է այդ թվում նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի և ընդհանրապես Հարավային Կովկասի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
«Մենք դեմ չենք, որ այլ միջազգային խաղացողներ իրենց ուժերը փորձեն միջնորդության հարցում։ Գլխավորն այն է, որ նրանք հետապնդեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների և պետությունների շահերի հավասարակշռությունն արտացոլող համաձայնագրերի ապահովման նպատակ։ Ցավոք, այն, ինչ հիմա անում են ԱՄՆ-ն և ԵՄ-ն, մենք այլևս չենք տեսնում համաձայնության հասնելու հարցում օգնելու ցանկություն, այլ տարածաշրջան ներթափանցելու և Ռուսաստանի Դաշնության օրինական շահերը դուրս մղելու ցանկություն։ Նրանք ցանկանում են ինքնահաստատվել որպես ինչ-որ ուժ, որը այնտեղ գրեթե որոշիչ դեր է խաղալու»,- ասել է նախարարը։
Լավրովն ասել է, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ երկրների սահմաններից հեռու տարածաշրջաններ ընդլայնվելու Արևմուտքի ցանկության գործընթացն արտացոլված է Հարավային Կովկասում, և դա քիչ է առնչվում իրավիճակի կայունացմանն օգնելու անկեղծ ցանկության հետ։
«Մեր գործընկերները և Երևանում, և Բաքվում, հուսով եմ, դա հասկանում են: Համենայն դեպս, Ռուսաստանը նրանց հետ անկեղծորեն քննարկում է, թե ինչ է կատարվում։ Կրկին շեշտեմ. ամբողջական կարգավորման հասնելը հնարավոր է երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված բոլոր հայտարարությունների իրագործմամբ»,- ասել է նա։
Բավ է պառակտվել