ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը չի կարծում, որ հայ-ադրբեջանական բանակցություններում հնարավորության որևէ պատուհան ներկայումս փակ է։
«Ես բանակցային գործընթացի համար ֆիքսված ժամանակացույց չէի սահմանի: Կարևոր է, որ բոլոր կողմերը կրկնապատկեն իրենց ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար, քանի որ դա, ինչպես նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությունը, չափազանց կարևոր է մեզ համար»,- ասել է Քարփենթերը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, ԱՄՆ-ը շարունակում է համարել, որ Հայաստանի և Ադրբեջանի համար չափազանց կարևոր է հարաբերությունների կարգավորումը, որպեսզի տարածաշրջանում լինի խաղաղություն, կայունություն, բացվեն տրանսպորտային կապերը։
«Մենք կարծում ենք, որ այս տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալը բոլորի, անշուշտ, Միացյալ Նահանգների օգտին է: Եվ ուրեմն, մենք շարունակելու ենք փորձել հեշտացնել դա մեզ հասանելի գործիքների միջոցով: Եվ հուսով ենք, որ կողմերը նույնպես հասկանում են, որ դա բխում է նաև իրենց շահերից»,- նշել է Քարփենթերը։
Նրան հարցրել են, չկա՞ մտավախություն, որ Արևմուտքը բանակցային գործընթացում կզիջի առաջնորդությունը Ռուսաստանին, հաշվի առնելով, որ Ադրբեջանը հրաժարվեց Վաշինգտոն մեկնել՝ հայկական կողմի հետ հանդիպելու և բոյկոտում է Բրյուսելի հարթակը։ «Մենք (Միացյալ Նահանգները) հետևողական և սկզբունքային ջանքեր ենք գործադրել լավ հնարավորություններ ընձեռելու համար… և մենք կշարունակենք առաջարկել այս լավ պայմանները: Եվ դարձյալ, ի վերջո, կողմերից է կախված, թե որ գործընթացն է առավել նպաստավոր իրենց շահերին»,- ասել է ամերիկացի դիվանագետը: