Շաբաթ օրը Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են հետևյալ թեմաները.
* Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամը
* Հայաստանի և Ադրբեջանի միջև միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքները
* տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը
* Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը,
* Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին և անվտանգությանը վերաբերող հարցեր
* գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր։
Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ:
Եռակողմ հանդիպմանը նախորդել է Փաշինյանի և Միշելի զրույցը, որի ընթացքում Հայաստանի վարչապետը Եվրոպական խորհրդի ղեկավարին է հանձնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Գործող նախագահին, Եվրոպական Խորհրդի նախագահին, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ պահանջելով ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում կիրառել հրատապ ու գործուն քայլեր՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի ապօրինի ու լիակատար շրջափակումը և կասեցնելու Արցախի ժողովրդի դեմ համակարգված կերպով իրագործվող զանգվածային հանցագործությունները և ահաբեկչությունը։