Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շաբաթ օրը Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը արդյունավետ և բովանդակալից է որակել։
«Մենք անցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենաընդգրկուն և եռանդուն փուլերից մեկը։ Ես քաջալերեցի առաջնորդներին` խաղաղ գործընթացին իրենց ամուր նվիրվածության համար և խրախուսեցի նրանց հարաբերությունների կարգավորման ճանապարհին վճռական և անշրջելի առաջընթացի ապահովման հետագա համարձակ քայլեր ձեռնարկել»,- ասել է նա՝ ամփոփելով եռակողմ հանդիպման արդյունքները։
Նրա խոսքով, Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են ակտիվացնել սահմանների սահմանազատման հանձնաժողովի աշխատանքը, վերջին երկու ամսվա ընթացքում արձանագրել են առաջընթաց տրանսպորտային կապերի ապաշրջափակման որոշումներում։ «Մենք քննարկել ենք ապագա տրանսպորտային համաձայնագրի պայմանները: Ներկայիս իրավիճակն անկայուն է և չի համապատասխանում կողմերից որևէ մեկի շահերին: Քննարկեցինք նաև հնարավոր կոնկրետ քայլերը, որոնք կօգնեն կարգավորել իրավիճակը», - ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը:
Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար մարդասիրական բեռների փոխադրման հարցին։ Միշելը նշել է, որ Ադրբեջանն առաջարկում է այդ նպատակների համար օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։
«Մենք քննարկել ենք օրակարգային բոլոր հարցերը՝ ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն։ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները մեկ անգամ ևս հաստատեցին, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ելնելով նրանից, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29 800 քառ․ կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86 600 քառ․ կմ»,- ասել է Միշելը։
Եվրոպական խորհրդի ղեկավարը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հրավիրել է Բրյուսելու հաջորդ հանդիպմանը ամառվանից հետո։
Ինչպես տեղեկացրել են ՀՀ կառավարություններից, եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: