Մոսկվան գրեթե ամենօրյա կապ է պահում Բաքվի և Երևանի հետ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին, լուծումներ է առաջարկում, ապահովում է կապն ու երկխոսության հարթակն Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների միջև: Իսկ թե երբ կլինի ապաշրջափակումը և որքան արագ, պարզ կլինի, երբ կողմերը պայմանավորվեն»,- ՊՄՏՀ շրջանակում «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ձոխվարչապետը։
Օվերչուկը նաև տեղեկացրել է, որ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժոովի շրջանակում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի հետ քննարկել է այն հարցերը, որոնք մնացել են չլուծված Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ հանդիպումից հետո։
«Հիմնական աշխատանքը կատարվում է մշտապես։ Մենք շփում ենք ունենում ադրբեջանական և հայկական կողմերի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ գրեթե ամեն օր։ Դա իսկապես այդպես է։ Մենք մշտապես շփվում ենք՝ հեռախոսազանգերով, ֆայլեր փոխանակելով։ Աշխատանքն ընթանում է ո՛չ հանդիպումից հանդիպում»,- ասել է նա՝ պատասխանելով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամկետի մասին հարցին։
Ավելի վաղ, հունիսի 2-ին Մոսկվայի, Բաքվի և Երևանի աշխատանքային խմբի հանդիպումից հետո Օվերչուկը նշել էր, որ զգալի առաջընթաց է նկատվում Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ երկխոսության մեջ։