Շուշիի անկումն առանցքային պահ էր, ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելու իր որոշումը։
«Ես ուզում եմ պատասխանել այն հարցին, թե ինչու ստորագրեցի եռակողմ հայտարարություն և ինչու պատերազմը դադարեց հենց նոյեմբերի 9-ին: Իհարկե, շրջադարձային դեր խաղաց Շուշիի անկումը, և խոսքը ոչ միայն Շուշիի խորհրդանշական նշանակության մասին էր, այլ նաև ռազմավարական։ Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը Մարտունու վրա ու որ, ամենակարևորն է, շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ»,- ասաց Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում։
Նա նաև հայտարարեց, որ սա պատերազմը դադարեցնելու առաջին փորձը չէ։ Առաջինը հոկտեմբերի 7-ին էր, երբ նա զանգահարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելու ծննդյան տարեդարձը, ով առաջարկեց իր միջնորդական ջանքերը, սակայն այս առաջարկը մերժվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։
«Հաջորդ օրը ՌԴ նախագահն ասաց, որ ադրբեջանական կողմը հրադադարի համար նախապայման ունի. ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին ու հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խուդաֆերինի ջրամբար, այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ ու նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանն ակնկալում էր հետ ստանալ սպանության համար Արցախում պատիժ կրող դիվերսանտներ Գուլիևին և Ասկերովին։
Ընդ որում, մանրամասնեց Փաշինյանն, այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար է հայտարարվում, այլ հումանիտար հրադադար, այդ պատճառով նա հրաժարվեց։
2020թ․ Արցախում 44-օրյա պատերազմի մասին
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիա են իրականացրել Արցախի դեմ ճակատում և թիկունքում՝ հրթիռահրետանային զենքերի, ծանր զրահամեքենաների, ռազմական ինքնաթիռների և արգելված տեսակի զենքերի (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք) գործադրմամբ։ Ակտիվորեն օգտագործվել են նաև «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք մեծ վնասներ են հասցրել։Հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական և ռազմական օբյեկտներին Հայաստանի տարածքում։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Փաստաթղթի համաձայն, կողմերը կանգ են առնում իրենց դիրքերում. Շուշի, Աղդամ, Քելբաջար և Լաչին շրջանները անցնում են Ադրբեջանին, բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ։ 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին տարածաշրջանի զարգացման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։
Վերջին տվյալների համաձայն՝ Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը կորցրել է 3812 մարդ, 217 քաղաքացի համարվում է անհետ կորած, ադրբեջանական գերությունից վերադարձվել է 141 զինծառայող և քաղաքացիական անձ։