Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ուրախությունն է հայտնել հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման մասին հայտարարության կապակցությամբ։
«Ես մեծ հույսով եմ նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավային Կովկասում խաղաղության հասնելու այս դրական ազդանշանին», - կիրակի ասել է Պոնտիֆիկոսը։
Միևնույն ժամանակ, նա երկու երկրներին և նրանց ղեկավարներին կոչ է արել «հնարավորինս շուտ» խաղաղության պայմանագիր կնքել, հայտնում է Vatican News-ը։
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են հարաբերությունները կարգավորելու և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության պայմանագիր կնքելու իրենց մտադրությունը։
Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։
Մասնավորապես, Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանն իր հերթին՝ երկու ադրբեջանցի զինծառայողի։