ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրեն վստահեցրել են, որ պատերազմի դեպքում զինված ուժերը ի վիճակի են կատարել իրենց առջև դրված խնդիրները։
«Գնահատականներն այնպիսին էին, որ եթե լայնամասշտաբ պատերազմ վերսկսվի, դժվար կլինի, բայց ՊԲ-ն ու Զինված ուժերը կարող ԿԱՏԱՐԵԼ են իրենց ԱՌՋև դրված խնդիրներն, այդ թվում՝ ձեռքբերվածի միջոցով»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Արցախում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցերին։
Նա նշեց, որ 2018 թվականից որդեգրել է «ամեն ինչ բանակի համար» քաղաքականությունը, ուստի Զինված ուժերը զենք գնելու մերժումներ չեն ստացել, բարձրացվել են աշխատավարձերը, բարելավվել ծառայության պայմանները։ Ըստ Փաշինյանի՝ իշխանություններին հաճախ են մեղադրում զենքի գնման պլանը փոխելու մեջ, սակայն փաստն այն է, որ դրանք «ոչ թե փոխվեցին, այլ համալրվեցին նոր զինատեսակներով, այդ թվում՝ ՀՕՊ համակարգերով»։
Վարչապետն անդրադարձավ նաև Սու-30ՍՄ-ի ձեռքբերման հարցին՝ նշելով, որ դրանք գնվել են զինված ուժերի պահանջով, իսկ գնման մասին որոշում կայացնելիս հիմնվել է կոմպետենտ ինստիտուտի կարծիքի վրա։
Փաշինյանին հարց ուղղվեց՝ եղե՞լ է քաղաքական հրահանգ՝ մինչև ինչ-որ պահ որոշակի զինատեսակ չկիրառել։
«Կարծում եմ, որ ասելիք ունեմ, բայց դա կարող եմ անել միայն դռնփակ նիստում։ Բայց չեմ ուզում բաց մասի (հանդիպման) ժամանակ ոչինչ չասել, որպեսզի դավադրության տեսություններ չառաջացնեմ։ Պատերազմի ընթացքում եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք ու ամբողջությամբ ՀՀ–ին չեն պատկանել»,- ասաց Փաշինյանը։