ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից մի քանի օր առաջ գաղտնի բանակցություններ են վարել Թուրքիայում՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ, գրում է POLITICO-ն։
ԱՄՆ-ն ներկայացրել է Կովկասում բանակցությունների գծով Վաշինգտոնի ավագ խորհրդական Լուի Բոնոն, ԵՄ-ն ուղարկել է իր հատուկ բանագնաց Տոյվո Կլաարին, իսկ Ռուսաստանը գործուղել է Իգոր Խովաևին, ով Ռուսաստանի Դաշնության հատուկ բանագնացն է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների գծով։
Քննարկումներին ծանոթ բարձրաստիճան դիվանագետը POLITICO-ին ասել է, որ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ջանքերի շրջանակում, որպեսզի վերջ տա անկլավի իննամսյա շրջափակմանը և թույլ տա Հայաստանից մարդասիրական օգնության շարասյուներին անցնել: Նա ասել է, որ հանդիպման ժամանակ հիմնական ուշադրությունը սեւեռվել այն բանի վրա, թե «ինչպես տեղից շարժել այդ անիծյալ բեռնատարները» և ապահովել, որ սննդի և վառելիքի մատակարարումները հասնեն 100,000 բնակիչներին:
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին
Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական զինուժի լայնածավալ ագրեսիայից մեկ օր անց Արցախի Հանրապետության իշխանությունները ընդունել են հրադադարի մասին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության առաջարկը։
Ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել, որով լուծարվում են պետական բոլոր կառույցները, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։
Արցախի բնակիչները ստիպված են զանգվածաբար լքել հանրապետության տարածքը՝ ուղղվելով դեպի Հայաստան։ ՀՀ կառավարության տվյալներով՝ այս պահին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել մոտ 100 483 բռնի տեղահանված քաղաքացի։ Արցախցիներին ընդունելու համար Հայաստանում գործում է երկու հիմնական կենտրոն՝ Գորիսում և Վայքում, գործարկվել են նաև https://e-soc.am առաջնային կարիքների հարթակը և ՀՀ սոցապ նախարարության «114» թեժ գիծը։