Ռուսաստանը կշարունակի կատարել անվտանգության և կայունության երաշխավորի դերը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը շարունակում է խաղալ հետևողական, շատ կարևոր դեր այս տարածաշրջանում իրադրության կայունացման և հակամարտությունների կարգավորման գործում: Մենք կշարունակենք այդ դերը»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով, այս դեպքում «շատ կարևոր է այս տարածաշրջանի բոլոր համապատասխան պետությունների կողմնակցությունը երկամյա վաղեմության եռակողմ այն պայմանավորվածություններին, որոնք կնքվել են»։
«Հենց այդ պայմանավորվածություններին հետևելն է հաջողության գրավականը»,- շեշտել է նա։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Փաստաթղթի համաձայն, կողմերը կանգ են առնում իրենց դիրքերում. Շուշի, Աղդամ, Քելբաջար և Լաչին շրջանները անցնում են Ադրբեջանին, բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ։ 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին տարածաշրջանի զարգացման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։