Ռուսաստանը խորապես շահագրգռված է, որ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատվի, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։
«Արդեն առանձին երկկողմ բանակցություններ եմ վարել կողմերի հետ։ Այս փուլում կշարունակենք ջանքեր ներդնել` լուծելու այն խնդիրները, որոնք բխում են մեր երկրների ղեկավարների պայմանավորվածություններից՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի հետ։ Իսկ ավելի լայն ձևաչափով կքննարկվի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցն»,- ասել է նա։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը «կողմերի համաձայնությամբ, որը հաստատված է», կշարունակի իր ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի կարգավորմանը և հումանիտար խնդիրների լուծմանը, տրանսպորտային-տնտեսական կապերի ապաշրջափակմանը, քաղաքացիական հասարակությունների, փորձագետների, քաղաքագետների, խորհրդարանականների միջև շփումների զարգացմանը:
Նա առաջարկել է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը:
«Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել դրա համաձայնեցման հարցում՝ օգտագործելով փորձագիտական ներուժն ու մեր ընկերների հետ բարի հարաբերությունները: Հուսով եմ, որ մենք նման պրագմատիկ, կառուցողական մթնոլորտում կքննարկենք այդ հարցերը», - եզրափակել Է Լավրովը: