Ճանապարհների ապաշրջափակման գործընթացին խոչընդոտող հիմնական պատճառը տեխնիկական հարցերի շուրջ հակասություններն են, երեքշաբթի ասաց հանրապետության խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Ադրբեջանի ընկալումն այն է, որ ինքը իր երկրից երրորդ երկիր չի տեղափոխվում Բաքվից Նախիջևան գնալուց: Դա, իրենց պատկերացմամբ ենթադրում է, որ հեշտացված տարբերակ պետք է լինի: Ինչպես նաև, երբ որ մենք Երևանից Նախւիջևանի տարածքով իջնենք Մեղրի: Այլ հարց է, թե այս ճանապարհը մեզ որքանով է անհրաժեշտ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Միաժամանակ, Հայաստանը, նրա խոսքով, կողմնակից է բոլոր ճանապարհների ապաշրջափակմանը:
Այս համատեքստում նա կարևորեց իրական խաղաղության հասնելը, ինչպես նաև լարվածությունը նվազեցնելու ջանքերը և կոշտ ռազմատենչ հռետորաբանության և սպառնալիքների մերժումը։
«Եթե մենք պատերազմի վիճակում ենք ապրելու, էդ ճանապարհը, ինչ էլ ուզում է լինի, անիմաստ է լինելու: Լավ կլինի, որ ադրբեջանական կողմն այս ամենը հասկանա»,- ասաց Սիմոնյանը։