ԱՄՆ-ն և Չինաստանը բարձր մակարդակով քննարկում են երկու երկրների միջև ռազմական շփումների վերականգնման մանրամասները։ Ինչպես գրում է բրիտանական Financial Times (FT) թերթը, այդ մասին է վկայում տարեսկզբից ի վեր առաջին հանդիպումը, որին մասնակցել են ԱՄՆ պաշտպանության նախարարի Չինաստանի հարցերով օգնականի տեղակալ Մայքլ Չեյզը և Վաշինգտոնում ՉԺՀ ռազմական կցորդ Լյու Չժանը։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, դա տեղի է ունեցել նախքան Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի բանակցությունները, նոյեմբերի կեսերին Սան Ֆրանցիսկոյում APEC գագաթնաժողովի շրջանակներում։ Այնուհետեւ հրապարակվեց Պեկինի եւ Վաշինգտոնի որոշումը՝ վերսկսել համագործակցությունը ռազմական ոլորտում։ Այն կասեցվել էր այն ժամանակվա Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ 2022 թվականի օգոստոսին Թայվան կատարած այցից հետո: Չեյզն այս տարվա փետրվարին այցելել է Թայբեյ, որից հետո, ինչպես գրում է FT-ն, Չինաստանի դեսպանությունը դադարեցրեց իր կցորդի և Պենտագոնի ներկայացուցչի շփումները։
FT աղբյուրները հայտնել են, որ Մայքլ Չեյզը և Լյու Չհանը երկար ընդմիջումից հետո հանդիպել են անցյալ ամիս՝ քննարկելու 2024 թվականին երկու երկրների բարձրաստիճան զինվորականների միջև շփումների հնարավորությունը: Թերթը նշում է, որ մանրամասների համաձայնեցումը կարող է երկար ժամանակ պահանջել այն պատճառով, որ Պեկինը դեռ չի որոշել հոկտեմբերին պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Լի Շանգֆուին փոխարինողին։ Այդ իսկ պատճառով շփումների հնարավորությունը ուսումնասիրվում է ոչ թե պաշտպանության նախարարների մակարդակով, այլ ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի պետ գեներալ Չարլզ Բրաունի և նրա չինացի գործընկերոջ միջև։ Հարավչինական ծովում լարվածության աճի ֆոնին Վաշինգտոնը շահագրգռված է նաև ԱՄՆ հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար, ծովակալ Ջոն Ակվիլինոյի մասնակցությամբ հանդիպումներով։