ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը պետք է ամրապնդեն վստահությունը՝ տիեզերքում հակամարտություններից խուսափելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Պենտագոնի տիեզերական հրամանատարության ղեկավար Ստիվեն Ուայթինգը:
«Մենք բոլորս պետք է պատասխանատու լինենք և գործենք մեր միջազգային պարտավորություններին համապատասխան, պատասխանատու և անվտանգ լինենք ուղեծրում: Կատարենք տիեզերքի օգտագործման պայմանագրերի պարտավորությունները, որոնք վերաբերում են մեր երկրներին, քանի որ բոլորս ստորագրել ենք այդ փաստաթղթերը: Կարծում եմ`եթե նման բաներ անենք, կկարողանանք խթանել վստահությունը, և դա կօգնի մեզ խուսափելու տիեզերական մարտերից: Մենք չենք ցանկանում, որ պատերազմ սկսվի կամ տարածվի դեպի տիեզերական տարածություն»,- Ուայթինգը հայտարարել է ամենամյա տիեզերական խորհրդաժողովի կուլուարներում՝ մեկնաբանելով իր խոսքերը ԱՄՆ-ի մրցակիցների` Ռուսաստանի և Չինաստանի հետ տիեզերքում հակամարտության առաջացման հնարավորության վերաբերյալ:
Կոլորադո Սպրինգսում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Ուայթինգը հայտարարել է, որ մարդկությունը կարող է մի քանի տասնամյակ անց մարտեր սպասել տիեզերական տարածությունում, սակայն ԱՄՆ-ն չի ցանկանում նման ելք՝ դա համարելով վնասակար թե՛ իր, թե՛ իր դաշնակիցների համար։ Նրա խոսքով՝ սպառնալիքները, որոնք նախկինում տեսական էին, այժմ իրականություն են և գտնվում են Ռուսաստանի ու Չինաստանի զինանոցում։
Մոսկվայում ավելի վաղ քանիցս նշել են, որ Ռուսաստանը մյուս երկրների, մասնավորապես՝ Չինաստանի հետ միասին, կողմ է հանդես է գալիս տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխարգելմանը։