Միացյալ Նահանգները չեն հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների կամ այլ վայրագությունների իրականացման որևէ գործողություն՝ լինի դա կարճաժամկետ կամ երկարաժամկետ, Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վերաբերյալ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:
Նա նշել է, որ վերջին մի քանի ամիսներին ինտենսիվորեն աշխատել են՝ հասցեագրելու ԼՂ-ում հումանիտար իրավիճակը:
«Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի փակմամբ և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա դրա փակման հետևանքներով: Անընդհատ ասում ենք, որ այդ միջանցքը պետք է բացվի առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների տեղաշարժի համար»,-ասել է դիվանագետը:
Քիմն ընդգծել է հումանիտար մատակարարումները վերականգնելու հրատապությունը, հաղորդում է Արմենպրեսը։
Նա նշել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն, USAID-ի գործընկերները, ինքը և շատ գործընկերներ ինտենսիվորեն ներգրավված են այս հարցում՝ ճնշում գործադրելու Լաչինի միջանցքի, ինչպես նաև մարդասիրական, առևտրային և մասնավոր երթևեկության համար այլ ուղիների անհապաղ և անխափան բացման համար՝ հրատապ անհրաժեշտ պարագաների անցումը թույլ տալու նպատակով։ Քիմը նաև ասել է, որ Լուի Բոնոն կրկին տարածաշրջանում է՝ ճնշում գործադրելու, որպեսզի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ թույլատրվեն անհապաղ և սահուն կերպով:
Նա շեշտել է, որ ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը արագ վերականգնել մասնավոր, մարդասիրական տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, նաև գիտակցում են լրացուցիչ երթուղիների կարևորությունը:
Ըստ նրա՝ տարածաշրջանում փոխվստահության բացակայությունը ամենալուրջ խնդիրներից մեկն է: «Մենք պետք է շարունակենք խրախուսել բոլոր կողմերին կառուցողական աշխատել»,-նշել է Քիմը:
Նա շեշել է. «ԱՄՆ-ն չի հանդուրժի ԼՂ հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման որևէ փորձ, գործողություն կամ այլ վայրագություն՝ լինի դա կարճաժամկետ կամ երկարաժամկետ»:
Սենատոր Ջեյմս Ռիսչն էլ նշեց, որ Եվրոպայում և Եվրասիայում շարունակվող անկայունությունը պարզ են դարձնում Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ուժեղ քաղաքականության անհրաժեշտությունը:
Բավ է պառակտվել