Հայաստանը հիմնավորված դժգոհություն ունի ՀԱՊԿ-ից, քանի որ ՀՀ-ն անդամակցել է ՀԱՊԿ–ին մեկ պատճառով՝ անվտանգության ապահովման համար, ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։
«Իսկ երբ Հայաստանում անվտանգության հետ կապված խնդիրներ առաջացան, ՀԱՊԿ–ը չարձագանքեց։ Մենք ուզում ենք հասկանալ՝ առաջիկայո՞ւմ էլ է այդպես լինելու։ Անդամությունը ՀԱՊԿ–ում երաշխավորելո՞ւ է երկրի տարածքային ամբողջականությունը, երկրի սահմանների անվտանգությունը, անվտանգային համակարգը»,–ասել է նա Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Պապոյանն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկերները պետք է պատասխանեն այդ հարցերին։
ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին
Մեկ տարի առաջ՝ 2022 թվականի նոյեմբերի 23-ին կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարվում է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, համարելով, որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիան։
Նա հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի կողմից իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար։
Այս տարվա մարտին Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից հրաժարվելու առաջարկ ներկայացրեց։
Հոկտեմբերին Փաշինյանը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասաց, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և ՀԱՊԿ-ի անգործությունը հանգեցրել են Հայաստանին անվտանգության հարաբերությունները դիվերսիֆիկացնելու որոշմանը։
Փաշինյանը չի մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
Միևնույն ժամանակ, Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալու հարցը ներկայումս չի քննարկվում։
Բավ է պառակտվել