Հունգարիայի կառավարությունը մտադիր է Երևանում հյուպատոսություն բացել, ինչը կնպաստի հայ-հունգարական կապերի ընդլայնմանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Սիյարտոն ընդգծել է Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ հարաբերությունների և բարձր մակարդակի փոխայցելությունների դրական դինամիկայի կարևորությունը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Փաշինյանն ընդգծել է հայ-հունգարական երկխոսության և տարբեր ուղղություններով դրա հետևողական զարգացման կարևորությունը, տնտեսական, կրթական, մշակութային, ավիացիոն ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված քայլերը։
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող այլ հարցեր։
Հայաստանի վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության և ստեղծված հումանիտար իրավիճակի հետևանքով Լեռնային Ղարաբաղից մեր ավելի քան 100 հազար հայրենակիցների բռնի տեղահանմանը, ինչպես նաև ներկայացրել է ՀՀ կառավարության քայլերն առկա խնդիրների լուծման ուղղությամբ։
Հայ-հունգարական հարաբերությունների մասին
Հայաստանը դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ 2012 թվականին այն բանից հետո, երբ երկիրը հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված և հայրենիքում ներում շնորհված Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին։
2022 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։
Այս տարվա մայիսին՝ դիվանագիտական հարաբերությունների 11 տարվա բացակայությունից հետո, երկրները նշանակեցին ոչ ռեզիդենտ դեսպաններ. Հայաստանում Հունգարիայի դեսպան դարձավ Աննա Մարիա Շիկոն (նստավայրը՝ Թբիլիսի), իսկ Հունգարիայում համատեղության կարգով Հայաստանի դեսպան նշանակվեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը (նստավայրը՝ Թբիլիսի)։