Նոյեմբերի 9-10-ը Բրյուսելում տեղի ունեցած «Հայաստանի ռազմավարական ապագան. Հայաստան-Եվրոպա» համաժողովի ընթացքում, որին մասնակցում էր նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ընդունվեց համատեղ հռչակագիր։
Հռչակագրի տեքստում նշվում է, որ ֆորումի մասնակիցները Հայաստանի ինտեգրումը Եվրոպային հռչակում են որպես ռազմավարական հեռանկար։
«Մենք կաջակցենք Հայաստանի համապարփակ ինտեգրմանը Եվրամիությանը, երկկողմ և փոխշահավետ փոխանակմանը և առաջատար նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը, բիզնես մշակույթի, փորձի և հմտությունների փոխանակմանը, հայ արտադրողների մուտքին եվրոպական շուկաներ և եվրոպական ներդրումների հոսքի ավելացմանը Հայաստան»,- ասվում է փաստաթղթում, որը տարածել է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը:
Տեքստը պարունակում է նաև Հայաստանի իշխանություններին ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս գալու և Ռուսաստանի հետ հարաբերությունները բացառապես երկկողմ ձևաչափով շարունակելու պահանջ։
«Անվտանգության ոլորտում Հայաստանի ուղին եվրատլանտյան ինտեգրումն է, ՆԱՏՕ-ի երկրների, ինչպես նաև Հնդկաստանի հետ երկկողմ կամ բազմակողմ համապարփակ անվտանգության և ռազմական համագործակցության զարգացումը։ Այս առումով մենք ողջունում ենք արդեն իսկ ձևավորված համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտում Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Լիտվայի, Չեխիայի, ինչպես նաև ժողովրդավարական արժեքներ դավանող այլ երկրների հետ, այդ թվում՝ Հնդկաստանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի և այլն»,- ասվում է տեքստում։
Այսպիսով, ֆորումի մասնակիցները հայտարարում են, որ.
-Հայաստանի ռազմավարական ապագան ԵՄ-ին լիիրավ անդամակցությունն է
- Հայաստանի ռազմավարական ապագան ինտեգրումն է եվրաատլանտյան անվտանգության համակարգին
-Հայաստանի ռազմավարական ապագան ժողովրդավարության զարգացումն է և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը
-Հայաստանի ռազմավարական ապագան քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիքի մաս դառնալն է։
Նոյեմբերի 10-ին համաժողովում իր ելույթում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ Հայաստանն ունի արտադաշինքային կարգավիճակ ունեցող երկիր դառնալու գաղափար։ Արմեն Գրիգորյանն ընդգծել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման կարևորությունը և ասել, որ Երևանը դիմել է ԵՄ-ին՝ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու համար։