Արևմուտքը ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին, ապա այն հիմնականում որոշվում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման աստիճանով: Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովմանն աջակցում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը: Այնուամենայնիվ, Արևմուտքը ամեն կերպ փորձում է. միջամտել իրավիճակին, ավելացնել նրա ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը»,- ասել է Շոյգուն հինգշաբթի օրը Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։
Նրա խոսքով, Արևմուտքի համար գլխավորը «Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է, այլ ոչ թե երկարաժամկետ հեռանկարում ապահովել տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումը»։
«Դրա օրինակն է Հայաստանում Եվրամիության, այսպես կոչված, քաղաքացիական առաքելությունը, որը ներառում է զինվորականներ և հետախույզներ: Կարծում եմ, կարիք չկա բացատրելու, թե իրականում ինչ են անում», - ասել է Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այդ կապակցությամբ մենք անհրաժեշտ ենք համարում շարունակել աշխատանքը ՀԱՊԿ առաքելություն տարածաշրջան ուղարկելու ուղղությամբ»,- ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Մամուլի տեղեկություններով՝ Հայաստանից հանդիպմանը մասնակցում է ՀԱՊԿ Միացյալ շտաբում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ.