ԱՄՆ Պետդեպարտամենտը ցանկանում է, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի. Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Այսպես է նա մեկնաբանել է ամերիկացի օրենսդիրի նամակը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որում ասվում է, որ «ԱՄՆ-ն պետք է ճանաչի այս ցեղասպանությունը և համապատասխանաբար գործի հնարավորինս շատ կյանքեր փրկելու համար»։ Նա պատասխանել է հարցին, թե ինչպիսին է Պետդեպարտամենտի ուղերձը տառապանքներ ապրող հայ քրիստոնյաներին։
«Մենք դա հստակ ասել ենք։ Պետքարտուղար Բլինքենը համագործակցել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հստակեցնելու համար, որ մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ Լեռնային Ղարաբաղում իսկապես սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար», - ասել է Միլլերը:
Այնուամենայնիվ, նա չի պատասխանել հարցին, թե որքան ժամանակ ունեն Լեռնային Ղարաբաղի հայերը։
Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին
Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։
Ադրբեջանը խափանել է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումն Արցախ, ինչի պատճառով հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։ Արցախում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնային համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։
Ապրիլի 23-ին հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում գտնվող Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետ է տեղադրվել։ Հունիսի 15-ի առավոտյան Հակարի կամրջի վրա տեղի ունեցած ռազմական սադրանքից հետո Ադրբեջանն արգելել է ապօրինի տեղադրված անցակետով բոլոր տեսակի մարդասիրական , այդ թվում մարդկանց և բեռների, փոխադրումները երկու ուղղություններով։