Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելուն:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Վահան Կոստանյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների հետագա խորացմամբ։
«Այսօր գործում է հայ-վրացական շուրջ 80 միջպետական պայմանագիր։ Այս համաձայնագրի իրականացումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության ընդլայնման համար»,- ընդգծել է Կոստանյանը՝ ելույթ ունենալով հանձնաժողովի նիստում։
Համաձայնագրի այս նախագիծը, նրա խոսքով, արդեն իսկ հաստատվել է Սահմանադրական դատարանի կողմից։
Միաժամանակ նա հայտարարել է, որ վրացական լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ կարելի է նկատել հակահայկական բնույթի հրապարակումներ ու ելույթներ։
«Այնուամենայնիվ, հայ դիվանագետները ինտենսիվ աշխատում են իրենց վրացի գործընկերների հետ նման երեւույթները վերացնելու ուղղությամբ»,- վստահեցրել է ԱԳՆ ներկայացուցիչը։
2023 թվականի հունվարի 12-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը, որի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի քաղաքացիները կարող են Վրաստան այցելել անձը հաստատող փաստաթղթերով (ID- քարտեր): Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետությունների կողմից վավերացնելուց հետո, ինչի մասին պաշտոնապես կհայտարարի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։