Ս/թ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել, հայտնում են ՀՀ ԱԱԾ մամլո կենտրոնից։
Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը եւ տանիքը։
«Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ հետաքննության և/կամ համապատասխան տեսագրություններ փոխանցելու ադրբեջանական կողմին»,- ասված է հաղորդագրությունում։
Նախօրեին ՀՀ վարչապետը Սյունիքի մարզում այցի ժամանակ հայտարարել էր, որ հաջորդ շաբաթվանից կսկսվեն Երևան-Կապան կանոնավոր չվերթները։
Այս տարվա ապրիլի 26-ին Կապանի օդանավակայանում 30 տարվա մեջ առաջին անգամ ինքնաթիռ վայրէջք կատարեց։ Կապանի «Սյունիք» օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին: