Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է ՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ ենթադրյալ հանցագործության մասին։
Մասնավորապես, վարույթի նախաքննության ընթացքում, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2011-2018թթ․ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնն զբաղեցրած Արման Սահակյանը, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի հետ միասին, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, իրենց հետ փոխկապակցված անձանց, մասնավորապես՝ Արման Սահակյանի օգնականի, Արմեն Աշոտյանի վարորդի կնոջ և Կարեն Ավագյանի կնոջ անվամբ հիմնված «Քիդս Քեը» ՍՊ ընկերության միջոցով, 2015թ. ապրիլին կնքված պետական գույքի օտարման և գրավի պայմանագրով, 163.115.680 ՀՀ դրամ արժեքով, ձեռք են բերել պետական գույք հանդիսացող՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող՝ 1063.25 քմ մակերեսով 2 առանձին մասնաշենքերից և պարսպից բաղկացած անշարժ գույքը/դպրոցը/՝ 36 ամսում տարաժամկետ վճարելու պայմանով, և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0.303439 հա հողատարածքը՝ 32.498.320 ՀՀ դրամով:
2019 թվականի մայիսին այս գույքը նրանք 240.000.000 ՀՀ դրամով վաճառել են իրենց հետ փոխկապակցված ՀՀ տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Հրանտ Բեգլարյանին պատկանող ՍՊ ընկերությանը:
Հարուցվել է նոր քրեական վարույթ։
Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: