ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը կարծում է, որ առաջիկա երկու օրերեին ավելի հստակ կդառնա Վերին Լարսում հայկական բեռնատարների ուշացման պատճառը։
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ, եւ մեր մաքսային գործընկերների հետ նախորդող երեք օրվա ընթացքում բավական ինտենսիվ փորձում ենք հարցը հասկանալ, թե ինչ բնույթ ունի։ Կարծում եմ՝ առաջիկա երկու օրվա ընթացքում մեզ համար ավելի հստակ կլինի»,- երկուշաբթի խորհրդարանում ասաց Խոջոյանը։
Նա նշեց, որ նախկինում նմանատիպ դժվարություններ են առաջացել կոնյակի արտահանման ժամանակ, երբ ակտիվ ստուգումները տևել են մեկ շաբաթ։ Միաժամանակ Խոջոյանը մատնանշեց, որ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել արտադրանքի որակին։
«Անկախ ամեն ինչից՝ մենք մշտապես պետք է ունենանք բարձրորակ արտադրանք, սննդամթերքի անվտանգությունը պետք է լինի բարձր մակարդակում»,- ասաց փոխնախարարը։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Հայաստանից հիմնականում գյուղմթերքներով բեռնված բեռնատարներին թույլ չեն տալիս Ռուսաստան մուտք գործել Վերին Լարս անցակետով։ Հիմնավորումն է՝ «բուսասանիտարական չափանիշներին չհամապատասխանելը»։ Մինչդեռ փորձագետներն այս արգելքի մեջ քաղաքական դրդապատճառ են տեսնում, որը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 22-23-ը Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցությունից հրաժարվելու հետ։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Վերին Լարս անցակետով անցնող Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը եղանակային բարդ պայմանների պատճառով դժվարանցանելի է տրանսպորտային միջոցների համար։