«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում պաշտպանելու է ՀՀ հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսի թեկնածությունը։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց «Փյունիկ» ՖԱ-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։
«Եթե մեզ հաջողվի նրան նախագահ ընտրել, ապա իրավիճակը (ֆուտբոլում) դեպի լավը կփոխվի, և «Փյունիկը» անպայման կքվեարկի Արաս Օզբիլիսի օգտին»,- հայտարարեց նա։
Սողոմոնյանն ընդգծեց, որ Օզբիլիսը շատ լավ դպրոց է անցել Ամստերդամի «Այաքսում». «Մենք շփվել ենք նրա հետ, երբ նա խաղում էր «Փյունիկում»։ Ես տեսա, որ նա շատ մտահոգված էր այն ամենով, ինչ տեղի է ունենում հայկական ֆուտբոլում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ Օզբիլիսն ապացուցել է իր հմտությունները՝ որպես ֆուտբոլիստ և մարդ, ով գիտի, թե ինչպես հասնել արդյունքի։ «Ինչ վերաբերում է կազմակերպչական փորձին, ապա դրա համար ժամանակ կպահանջվի, բայց վստահ եմ, որ շատերը, այդ թվում՝ ես, եթե ստացվի (նրան ընտրել ՀՖՖ նախագահ), նրան կօգնենք և կաջակցենք»,- ընդգծեց Սողոմոնյանը։ Միաժամանակ նա կասկած հայտնեց ՀՖՖ-ի ղեկավարի ընտրությունների թափանցիկության վերաբերյալ՝ նշելով, որ հենց այդ պատճառով էլ «Փյունիկը» չի առաջադրել իր թեկնածուին։
Այսօր ավելի վաղ Սողոմոնյանը հայտարարել էր, որ «Փյունիկը» պատրաստ է հրաժարվել ազգային առաջնությանը մասնակցելուց, եթե Արմեն Մելիքբեկյանը վերընտրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։
Անցած դեկտեմբերին Սողոմոնյանն անվստահություն էր հայտնել ֆեդերացիայի գործող նախագահ Մելիքբեկյանին և պահանջել նրա հրաժարականը։ Սողոմոնյանն ասել էր, որ լուրջ կասկածներ ունի ՀՖՖ ծախսերի կառավարման որակի և թափանցիկության վերաբերյալ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին։ Թեկնածուները երկուսն են՝ ՀՖՖ ներկայիս ղեկավար Արմեն Մելիքբեկյանը (2019 թվականից) և Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։