Արցախի Հանրապետությունը միջազգային ռեեստրներում երբևէ չի դասակարգվել որպես ահաբեկչական կազմակերպություն, ասել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Արցախը ղեկավարած մարդիկ ընդգրկված չեն եղել միջազգային ահաբեկիչների ցուցակում. Հետևաբար, հանրապետության բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության նկատմամբ իրականացված ձերբակալություններն անօրինական են, իսկ Ղարաբաղի պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերը՝ շինծու»,- երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Սահակյանը։
Իրավապաշտպանը համոզված է, որ Ադրբեջանի կողմից Արցախի երեք նախագահների ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի. «Հանցագործությունների բացահայտման իրավական մեխանիզմներն Ադրբեջանն օգտագործել է ուժի դրսևորման համար»,- հայտարարել է Սահակյանը։
Նրա կարծիքով, Բաքվի պատժիչ գործողությունների նպատակը նաև «հոգեբանական առավելություններ ստանալն» է և «երկարաժամկետ ազդեցությունների օգտագործումը»։
«Չճանաչված պետությունում պաշտոն զբաղեցնելը լիովին ընդունելի գործառույթ է։ Ավելին, չկան նախադեպեր, որ չճանաչված պետությունների ղեկավարները պատասխանատվության ենթարկվեն հենց այս պետությունների ղեկավարության համար»,- նշել է փաստաբանը։
Արցախի Հանրապետության ղեկավարների ձերբակալության մասին
Ըստ մամուլի հրապարակումների՝ Ադրբեջանը կալանավորել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, ԱԳ նախկին ղեկավար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Ձերբակալվածների թվում են նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին
Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական զինուժի լայնածավալ ագրեսիայից մեկ օր անց Արցախի Հանրապետության իշխանությունները ընդունել են հրադադարի մասին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության առաջարկը։
Ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել, որով լուծարվում են պետական բոլոր կառույցները, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։
Արցախի բնակիչները ստիպված են զանգվածաբար լքել հանրապետության տարածքը՝ ուղղվելով դեպի Հայաստան։ ՀՀ կառավարության տվյալներով՝ այս պահին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել մոտ 100 483 բռնի տեղահանված քաղաքացի։ Արցախցիներին ընդունելու համար Հայաստանում գործում է երկու հիմնական կենտրոն՝ Գորիսում և Վայքում, գործարկվել են նաև https://e-soc.am առաջնային կարիքների հարթակը և ՀՀ սոցապ նախարարության «114» թեժ գիծը։