Առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի գնահատականներով՝ Հայաստանի բնակչության մոտ 4%-ը հեպատիտ C-ի կրող է, մոտ 2%-ը՝ հեպատիտ B-ի, հայտնել է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
«Այս գնահատման արդյունքների հիման վրա մենք նաև մոդելավորել ենք, թե տարեկան քանի հոգի պետք է բուժում ստանա, որպեսզի կարողանանք հասնել հիվանդության վերացմանը: Մենք սկսել ենք փոքր թվից` տարեկան մոտ 500 մարդ, բայց արդեն նախորդ տարի շահառու է դարձել 1210 մարդ, իսկ այս տարի 1800 հոգու համար դեղորայք է ձեռք բերվել»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նանուշյանը։
Փոխնախարարը պարզաբանել է, որ այս վիճակագրական տվյալները ստացվել են որոշակի ընտրանքի շրջանակներում հատուկ մեթոդաբանության շնորհիվ։
Նանուշյանը նշել է, որ այս հիվանդությունը մինչև 2030 թվականը վերացնելու համար Հայաստանը միացել է միջազգային պարտավորություններին, և այս ուղղությամբ մի շարք աշխատանքներ են իրականացվում։ Առաջին հերթին, ըստ նրա, դրանք թեստավորման և բուժման ծրագրեր են, որոնք հիմնականում բաղկացած են դեղերի տրամադրումից։
«Որքան շատ մարդիկ թեստավորվեն, այնքան շուտ կբացահայտվի նրանց կարգավիճակը և կսկսվի բուժումը, որն ավելի արդյունավետ կլինի վաղ ախտորոշման դեպքում»,- ասաց նա։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանն ասել է, որ Ազատության հրապարակում Առնո Բաբաջանյանի հուշարձանի մոտ կտեղադրվի շարժական լաբորատորիա, որտեղ ժամը 13:00-20:00-ն բոլորը կարող են հեպատիտի թեստ անցնել և խորհրդատվություն ստանալ։