Բավ է պառակտվել
21-11-2023 16:58

Հայաստանն ու Կանադան միտված են ընդլայնել փոխգործակցությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեքշաբթի ընդունել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսին, հայտնում է գերատեսչության մամլո ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը գոհունակությամբ նշել է երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանում Կանադայի ներգրավվածության ավելացմանն ուղղված դրական զարգացումները՝ այս համատեքստում ընդգծելով Երևանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումն ու Կանադայի մասնակցությունը ԵՄ մշտադիտարկման առաքելությանը:

Երկուստեք ընդգծվել է երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման կարևորությունը՝ հաշվի առնելով առկա բարեկամական ու արժեքահեն կապերը և ի աջակցություն Հայաստանի կողմից ընտրված ժողովրդավարական ուղու:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասում և դրա շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Արարատ Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանում կայունության հաստատման, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ներդրվող ջանքերին, առկա մարտահրավերներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի փաստացի էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին:

Հոկտեմբերի 25-ին Երևանում բացվեց Հայաստանում Կանադայի դեսպանությունը։ Հայաստանում Կանադայի առաջին ռեզիդենտ դեսպան է նշանակվել Էնդրյու Թերները։

Կանադան դարձավ ԵՄ անդամ չհանդիսացող առաջին երկիրը, որը դիտորդներ ուղարկեց Հայաստան՝ միանալու Եվրոպական միության քաղաքացիական առաքելությանը (EUMA), որը մեկնարկել է այս տարվա փետրվարի 20-ին Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում: Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի կայունացումն է, վստահությոն և մարդկանց անվտանգության ձևավորումը հակամարտությունից տուժած շրջաններում և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար նպաստավոր պայմանների ապահովումը։

Ադրբեջանի ԶՈւ–ն Սյունիքի Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ է գնացել. մարզպետ
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.