Հայաստանը հաստատակամ է հարթելու Ռուսաստանի Դաշնության հետ ծագած խնդիրները, ուրբաթ ասաց Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայ-ռուսական հարաբերություններում կան որոշ խնդիրներ, մենք շատ բաներով բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք։ Ըստ ամենայնի, Ռուսաստանում էլ նույնպիսի վերաբերմունք կա»,- ասել է Միրզոյանը 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ։
Նախարարի խոսքով՝ այն, ինչից ՌԴ գործընկերներն են զարմանում, հետևանք է այն քաղաքականության, որը մենք տեսել ենք զանազան մեդիա եթերներում և այլ տեղերում։
«Մենք այստեղ որևէ այլ դիրքորոշում չունենք, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկել հասկանալ, հարթել և բարեկամաբար առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Սա է մեր դիրքորոշումը»,- ընդգծեց արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը։
Միաժամանակ, ըստ Միրզոյանի, սա միակողմանի գործընթաց չէ։ Չնայած դրան, պաշտոնական Երևանը կշարունակի զարգացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, որի հետ, ինչպես նշեց նախարարը, բազմաթիվ կապեր կան։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ցուցադրական հակառուսական քայլ էր անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպումը։
Հոկտեմբերի 23–ին էլ ռուսական «Առաջին ալիքի» եթերում հեռարձակված հաղորդման ընթացքում կոպիտ արտահայտություններ են հնչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին կանչել են ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՝ ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակված ֆիլմի համար։ Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ ԶԼՄ-ներում հրապարակումների հետ կապված։