Հայաստանն իր հարևաններից տարածքային պահանջներ չունի և շարունակելու է անել հնարավորը տարածաշրջանի անվտանգության և խաղաղության համար, ասել է պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Վարշավայի Կազիմիր Պուլասկու անվան անվտանգության գիտահետազոտական կենտրոն-հիմնադրամի փորձագետների հետ հանդիպմանը Սիմոնյանը ներկաներին հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է անցնել մեծ դժվարությունների միջով՝ բախվելով անվտանգության սպառնալիքներին:
Այս համատեքստում հայ պատվիրակները մանրամասնել են Հայաստանի հանդեպ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքները՝ շեշտելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները և սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
«Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, անցյալ տարվա դեկտեմբերից արգելափակել է Լաչինի միջանցքը, որը հանգեցրել է ծանր մարդասիրական ճգնաժամի: Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ ապրում է լիակատար պաշարման պայմաններում»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Սիմոնյանը բարձր է գնահատել արևմտյան գործընկերների (ԱՄՆ, ԵՄ, Ֆրանսիա, Գերմանիա) ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործընթացում:
Հանդիպմանը նշվել է նաև, որ Ադրբեջանը մշտապես մերժում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը, անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումը՝ իրականացնելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն:
Լեհ գործընկերները նշել են, որ հակամարտող երկրների համար ամենաբարդը կողմերին բավարարող վերջնական լուծում գտնելն է, սակայն դրանից ավելի բարդ է իրավիճակն առանց լուծման թողնելը, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: