Բավ է պառակտվել
02-06-2023 18:45

Գերմանիայի և Շվեդիայի հայ համայնքները դատապարտել են Փաշինյանի հայտարարությունը

Գերմանիայի և Շվեդիայի հայ համայնքները դատապարտել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
«Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը՝ համարելով որ Արցախի Հանրապետությունը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս որևէ կառույցի կողմից, հատկապես Հայաստանի Հանրապետության իշխանության»,- ասվում է Գերմանիայի հայ համայնքի հայտարարարությունում։
Նշվում է, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, որը բխել է ՄԱԿ «ժողովուրդների և ազգերի ինքնորոշման մասին» բանաձևից և որևէ իշխանություն իրավասու չէ այն վիճարկել։
«Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ նաև խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, քանզի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման համաձայն «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»»,- նշում է Խորհուրդը։
Կենտրոնական Խորհուրդը կոչ է անում համայն հայությանը համախմբվել Արցախի Ինքնորոշման իրավունքի և ՀՀ ինքնիշխան տարածքների պաշտպանության շուրջ և թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքները Ադրբեջանին զիջելուն։
«Համայն հայության համախմբման շնորհիվ է միայն հնարավոր հաղթական ելքը այս դժվարին իրավիճակից, այլապես աղետալի հետևանքները հայկական պետականության համար անխուսափելի կլինեն»,- ասվում է Գերմանիայի հայ համայնքի հայտարարարությունում։
Շվեդիայի հայկական կազմակերպությունների միությունը (UAAS) նույնպես խստորեն դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
«Հայտարարությունն ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքի այնպիսի դրույթների, ինչպիսիք են՝ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև սուվերենությունը և միջազգային քաղաքական կարգավիճակն ընտրելու իրավունքը։ Հայտարարությունը հակասում է նաև 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրապետական հանրաքվեի ժամանակ արտահայտած Արցախի պետական անկախության հռչակագրին։ Արցախի կարգավիճակն արդեն որոշվել է ժողովրդի արտահայտված կամքով, այնուհետև մի քանի անգամ վերահաստատվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից»,- ասվում է հայտարարարությունում։
Նշվում է, որ Արցախի ժողովրդի համար ցանկացած կայուն և տևական լուծում պետք է վայելի հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի աջակցությունը։ Շվեդիայի հայկական կազմակերպությունների միությունը (UAAS) այն կարծիքին է, որ Հայաստանի վարչապետի հայտարարած լուծումը չի հանգեցնի Արցախում խաղաղության, քանի որ այն ընդունելի չէ Արցախի Հանրապետության ժողովրդի համար։
«Ընդհակառակը՝ առաջարկվող տարբերակն իրագործման պարագայում վտանգի տակ է դնում Արցախի ազգաբնակչության անվտանգությունը և կարող է առաջացնել այնպիսի պայմաններ, որոնք 90-ականներին, Խորհրդային Միության փլզումից հետո ազգամիջյան հակամարտության պատճառ դարձան»,- ասվում է UAAS-ի հայտարարարությունում։

Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ
Չինաստանը բողոքել է ԱՄՆ-ին՝ Թայվանին 57,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու կապակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախանշել է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ հարաբերությունների վերականգնման պայմանները։
Փաշինյան. Սահմանազատումը կվերացնի հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմերի ներկայության անհրաժեշտությունը
Պուտինն ասել է, որ իր կայացրած որոշումները ոչ միայն փրկեցին Ռուսաստանը, այլեւ երկիրը հետ բերեցին անդունդի եզրից.