ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ալիևի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու նախագահ Ալիևի հանձնառությունը»։ Պետքարտուղարը գիտակցում է այն ողջ տառապանքը, որ այս երկարատև հակամարտությունը պատճառել է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին, և ընդգծել այն օգուտները, որոնք խաղաղությունը կբերի բոլորին տարածաշրջանում։
«Պետքարտուղարը քննարկել է Ադրբեջանի հետ մեր [ԱՄՆ-ի] ամուր հարաբերությունները, մատնանշել հարաբերություններում առկա վերջին շրջանի մտահոգիչ դրույթները, ինչպես նաև խոսել համագործակցության ամրապնդման հնարավորությունների, հատկապես խաղաղ գործընթացի շուրջ, և բարձր մակարդակով ներգրավվածության կարևորության մասին»,- ասված է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերի անունից տարածված հաղորդագրության մեջ։
Այնուհետև Բլինքենը զրուցել է Փաշինյանի հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերին։ Ըստ հաղորդագրության՝ «պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը, քանի որ «մենք աշխատում ենք Հայաստանի՝ բարեկեցիկ և ժողովրդավարական ապագայի վերաբերյալ տեսլականին աջակցելու ուղղությամբ»։