Ռուսաստանցի քաղաքագետ Արկադի Դուբնովը մեկնաբանել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման պատճառներն ու հետևանքները, Վլադիմիր Պուտինի Երևան այցի հավանականությունը և հայ-ղարաբաղյան նախագծի ավարտը՝ 1991 թվականին ԽՍՀՄ-ի նմանությամբ։
«Պուտինը Հայաստան չի թռչի ոչ այն պատճառով, որ նրան պետք է ձերբակալեն այնտեղ՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի որոշման, որի ստատուտն այսօր վավերացրել է Հայաստանի խորհրդարանը։ Պուտինը Հայաստան չի մեկնի, քանի որ այնտեղ սպառնում է բախվել հայերի անսահման ատելության հետ, որոնք նրան համարում են հայոց աշխարհի ողբերգության մեղավորը»,- գրել է նա սոցիալական ցանցերում։
Նրա կարծիքով, ՄՔԴ-ի ստատուտի խորհրդարանական վավերացումը Հայաստանի ղեկավարության կողմից ընդամենը ճարտարամիտ ներքաղաքական գործողություն է, որը կոչված է համախմբելու հակակրեմլյան տրամադրությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ և պաշտպանելու նրան՝ «Ղարաբաղն Ադրբեջանին հանձնողին» դավաճանության մեջ մեղադրանքներից։ «Ամբողջովին ծրագրված վավերացման այլ բացատրություններ, իբր դա անհրաժեշտ է, որ հնարավոր լինի օրինականացնել Երևանի կողմից Ադրբեջանին ներկայացվող ռազմական հանցագործությունների մեղադրանքները, թվում են արդարացված, բայց այնուամենայնիվ երկրորդական են», - կարծում է Դուբնովը։
Նրա կարծիքով, ինչ վերաբերում է Մոսկվայի սպառնալիքներին՝ կոշտ արձագանքելու իր համար վիրավորական դեմարշին, որը նախադեպը չունի հետխորհրդային տարածքում, ապա թվում է, թե հայերին այսօր այնքան վատ է, որ նրանց Ռուսաստանից եկող նոր դառնություններով այլևս չես զարմացնի։ «Բայց մեզ նրանք զարմացնում են, քանի որ նրանց ատելությունը, որպես կանոն, չի տարածվում ռուսների վրա, միայն նրանց առաջնորդների վրա»,- գրել է փորձագետը։
Մինչդեռ, նշել է Դուբնովը, հայերի՝ իր ծավալով բիբլիական գաղթը Ղարաբաղից գրեթե ավարտված է. 100625 մարդ այսօր արդեն հայտնվել է Հայաստանում, իսկ Ղարաբաղ ժամանած ՄԱԿ-ի առաքելության համաձայն՝ այնտեղ մնում է 500-ից 1000 մարդ։
«Հայ-ղարաբաղյան քաղաքական նախագիծը դադարում է գոյություն ունենալ բառացիորեն նույն ձևակերպումներով, ինչ 1991թ. դեկտեմբերին խորհրդային նախագիծը: Երկուսն էլ, ինչպես պարզվեց, պատմականորեն դատապարտված էին, պաշտպանելն անհնարին դարձավ, դե պաշտպանող էլ չկա...»,- եզրափակել է նա։