Մոսկվան և Երևանը պետք է դիվանագիտական լուծում գտնեն՝ կապված Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման հետ, ասել է լրագրողներին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պետք է պարզել, թե արդյոք Հայաստանում որոշ ակտեր դեռ կարող են գերակայություն ունենալ միջազգային իրավունքի նկատմամբ, քանի որ իրականում սա միջազգային իրավական իրավիճակ է Հայաստանի համար, կամ կարող են որոշակի հատուկ պայմաններ ապահովել և բացառություն անել»,- ասել է Պեսկովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Ավելի վաղ միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել էր, որ դեռ ապրիլին ռուսական կողմին հրավիրվել էր ստորագրել Հռոմի ստատուտի գործողության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը պարտավորվում են երաշխիքներ տրամադրել հուզող հարցերի վերաբերյալ։ Նա նշել էր, որ դեռ պատասխան չի ստացվել։
Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 3-ին կայացած նիստում 60 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց Հռոմի ստատուտը։ Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի Հայաստանի նախագահը, որից հետո այն 60 օրից ուժի մեջ կմտնի։
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ՄՔԴ-ն ավելի վաղ ձերբակալության օրդեր էր տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հարցերով նախագահի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի համար ՝ ուկրաինացի երեխաների «ապօրինի արտաքսման» մեղադրանքով։ Մոսկվան մերժել է նման մեղադրանքները, նույնիսկ «հարցի ձևակերպումն» անվանել վրդովեցուցիչ, ինչպես նաև մատնանշել, որ Ռուսաստանը չի ճանաչում ՄՔԴ-ի իրավասությունը, հետևաբար դատարանի որոշումները նրա համար առ ոչինչ են։