Հայաստանի Ազգային ժողովը հավանություն տվեց Հռոմի ստատուտի վավերացմանը։
Վավերացմանը կողմ է քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 60 պատգամավոր։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները «դեմ» են քվեարկել։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար։ Երևանը հաշվի չի առել կանոնադրության վերաբերյալ Մոսկվայի պատասխան առաջարկները։
ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի սահմանադրականության մասին
Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է 1998 թվականի հուլիսի 17-ին, սակայն չի վավերացրել այն, քանի որ 2004 թվականին Սահմանադրական դատարանը ճանաչեց պայմանագրի պարտավորությունները հակասող այն ժամանակ գործող Սահմանադրության մի շարք դրույթների։
Հայաստանի կառավարությունը 2022 թվականի վերջին Հռոմի ստատուտի սահմանադրականությունը ստուգելու հարցով դիմել է Սահմանադրական դատարան։ Երևանը նշել է, որ այս փաստաթղթի վավերացումը թույլ կտա ՄՔԴ-ում վարույթ հարուցել Ադրբեջանի դեմ (Արցախում և Հայաստանում ռազմական հանցագործությունների համար - խմբ.):
Մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությամբ Հայաստանի պարտավորությունները ճանաչեց երկրի Հիմնական օրենքին համապատասխան։
Այս տարվա մարտի 17-ին ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ Այնուհետև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո, եթե ՌԴ նախագահը այցելի Հայաստան, իրեն կձերբակալեն։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը աբսուրդ է որակել Հայաստան այցելելու դեպքում Պուտինին ձերբակալելու մասին խոսակցությունները: