Բավ է պառակտվել
16-11-2023 19:15

Երևանն ու Բրյուսելը քննարկում են առկա երկխոսության փոխադարձ հետաքրքրություն ներկայացող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄգործընկերության ընդգրկուն օրակարգի հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առկա երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ոչ միայն կարող է տնտեսական առավելություններ տալ տարածաշրջանի երկրներին, այլև դառնալ խաղաղության կարևոր երաշխիք: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերին:

Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի կողմից ԼՂ-ում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ փախստականների կարիքների և իրավունքների հասցեագրման հարցերին, այդ թվում նաև միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող քայլերին:

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին

2023 թվականի հոկտեմբերին Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» ֆորումի շրջանակներում Փաշինյանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ խաղաղության օրակարգի կարևոր բաղադրիչ անվանելով բաց սահմանները, տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ առաջիկայում հանրապետությունում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որը պատասխանատու կլինի Հայաստանով անցնող միջազգային հաղորդակցման ուղիներով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովման համար։

Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների մասին

Սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ձեռնարկեց Արցախի դեմ՝ օգտագործելով հրետանի, անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել հանրապետության բոլոր պետական կառույցները լուծարելու մասին։ 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ.

Արցախի բնակիչները հարկադրաբար լքել են հայրենիքն ու տեղափոխվել Հայաստան. ՀՀ կառավարության տվյալներով՝ հաշվառված և գրանցված է ավելի քան 108 հազար արցախցի։ Մեծամասնությունն արդեն ստացել է 100 հազար դրամ միանվագ նպաստ։ Առաջիկայում կսկսվեն 50 հազարական դրամի վճարումները վարձակալության (միայն Հայաստանում անշարժ գույք չունեցող անձանց համար) և կոմունալ ծախսերի համար։ Գործարկվել է առաջնային կարիքների https://e-soc.am հարթակը և ՀՀ սոցապ նախարարության «114» թեժ գիծը։

Երևանը հայտարարել է Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման պատրաստակամության մասին
Վաշինգտոնը և Բրյուսելը համոզում են Երևանին ստորագրել համաձայնագիր՝ առանց հաշվի առնելու Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը․ Զախարովա
Չինաստանը բողոքել է ԱՄՆ-ին՝ Թայվանին 57,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու կապակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախանշել է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ հարաբերությունների վերականգնման պայմանները։
Փաշինյան. Սահմանազատումը կվերացնի հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմերի ներկայության անհրաժեշտությունը